Subscribe

8 Jun 2011

Օշին Էլակէօզի լեզուամտածողութեան մի քանի առանձնայատկութեան մասին





Յարգելի ընթերցող, ինծի համար շատ մեծ անակնկալ մը եղաւ երբ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա Աճարեանի Անուան Լեզուի էնսթիթիւէն տիկին Անահիդ էմին Տերեան ինծի նամակ մը ղրկելով իմացուց թէ կը փափաքի իմ գրական ոճիս մասին թէզ մը պատրաստել:

Ըլլալով պարզապէս սիրողական գրող մը որ կը սիրէ գրութիւններ գրել մայրենի լեզուով հարկաւ թէ տիկին Անահիդ էմին Տերեանի այս առաջարկը ինծի մեծապէս ուրախացուց:

Պոլսահայ գրականութիւնը հիմա դժբախտաբար շատ ցաւալի վիճակի մը հասած է:Աւելի ցաւալին այն է որ հիմա ոչ թէ Պոլսահայ համայնքի մէջ գրողներ չկան:Ընդհակառակը հիմա գրեթէ ամէն անձ գրութիւններ կը գրէ եւ համացանցի վրայ կը հրատարակէ բայց ասոնց բոլորն ալ թրքերէն կամ այլ օտար լեզուներով գրուած գրութիւններ են այլ ոչ թէ մեր գեղեցիկ մայրենի լեզուով:Պոլսոյ մէջ կը հրատարակուին նոր շաբաթաթերթեր, ամսաթերթեր համացանցի վրայ կը բացուին նոր կայքէջեր, կը հրատարակուին նոր գիրկեր որոնք գրուած են Պոլսահայ նոր գրողներու կողմէ որոնց բոլորն ալ Պոլսահայերու կողմէ իրականացուած ծրագիրներ են, բայց ասոնցմէ ոչ մէկը հայերէնով է:

Կը ծուլանանք հայերէն գրելու մէջ եւ քանի կը ծուլանանք աւելի կը հեռանանք մեր մայրենիէն, քանի կը հեռանանք ալ աւելի կը մոռնանք մեր մայրենին եւ այս յոռի շրջանը այսպէս կը շարունակուի եւ կ'երթայ դէպի արեւմտահայերէնի վախճանը:

Վստահ եմ որ եթէ ես իմ գրութիւններս գրէի թրքերէնով անոնք շատ աւելի բարձր թիւով ընթերցողներու կողմէ պիտի կարդացուէին:Բայց ես վճռած եմ գրութիւններս գրել մեր մայրենի լեզուով եւ միշտ ալ այսպէս պիտի շարունակեմ:

Կ'ուզեմ յայտնել իմ խորին շնորհակալութիւններս ազնիւ տիկին Անահիդ Էմին Տերեանին որ բարեհաճեր է իմ գրական ոճս ուսումնասիրել :Այս ուսումնասիրութիւնը որ ստորեւ կը հրատարակեմ ինծի համար շատ մեծ կարեւորութիւն ունի որովհետեւ զիս տեղեակ կը պահէ իմ գրական ոճի ու որակի մասին:


Օշին Էլակէօզ

9 Յունիս 2011 - Պոլիս





Օշին Էլակյոզի լեզվամտածողության մի քանի առանձնահատկության մասին


Անահիտ Էմին-Տերյան
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ


Գաղտնիք չէ, որ պոլսահայ գրական լեզուն, քաղաքական-մշակութաբանական տարբեր պատճառներով պայմանավորված, այժմ գտնվում է բավական անմխիթար վիճակում: Այն այժմ նման է մի լքված եկեղեցու, որը նոր-նոր փորձում է վերագտնել իր նախկին ավանդույթներն ու շքեղությունը: Հայոց ցեղասպանությունը և Երկրորդ համաշխարհայինը, ինչպես նաև չդադարող թուրքական հակահայկական ազգայնամոլությունը մոտ մեկ հարյուրամյակ հետևողականորեն ամայացնում էին պոլսահայ համայնքը: Որպես ասվածի լավագույն ապացույց` կարելի է մեջբերել միայն այն փաստը, որ գրական շքեղ ավանդույթ ունեցող համայնքը մի հարյուրամյակի ընթացքում ունեցավ միայն հատուկենտ հայալեզու գրողներ` փոխարենը մի քանի անգամ ավելի շատ թուրքալեզու ստեղծագործողներ պարգևելով թուրք գրականությանը:
Եվ ահա վերջին մի քանի տարիների ընթացքում որոշակիորեն փոխվել է պոլսահայերի ազգային ինքնագիտակցության մակարդակը. ավելի ու ավելի շատ հայեր են խոսում իրենց ազգային պատկանելության մասին, ասպարեզ են իջնում գրական նոր անուններ, ովքեր փորձում են վերստեղծել պոլսահայ համայնքի հայկականությունը: Այս նոր անուններից մեկն էլ Օշին Էլակյոզն է, ով ակտիվորեն տպագրվում է Ստամբուլի հայկական պարբերականներում, ինչպես նաև հետևողականորեն իր գրականությունը տարածում է համացանցում` հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով` հայ ընթերցողին ներկայացնելով իր նորավեպերը :
Իր կենսագրությունը Օշին Էլակյոզը ներկայացնում է վեց նախադասությամբ. «Ծնած եմ Պոլիս 4 Փետրուար 1962 թուականին:Նախակրթարանի ուսումս ստացած եմ Փանկալթըի Մխիթարեան Վարժարանի մէջ, ապա շարունակած եմ Վենետիկի Մուրատ Ռափայէլեան Վարժարանը:Այս վարժարանը աւարտելէ վերջ երկու տարի հաճախած եմ Վենետիկի համալսարանի տնտեսագիտութեան մասը: Զինուորական ստիպողական պարտականութիւնես վերջ սկսած եմ աշխատիլ օդանաւային հաստատութեան մէջ ուր մինչեւ այսօր կ'աշխատիմ:Ամուսնացած եմ Պրէնտա Պօյաճըկիլ ի հետ եւ ունիմ Տիգրիս անունով դուստր մը» :
Ինչպես երևում է ինքնակենսագրական այս փոքրիկ ակնարկից, Օշին Էլակյոզի համար գրականությունը «հոգու պահանջ» է, որն արթնացել և արտահայտվելու համարձակություն է ստացել վերջին տասնամյակի ընթացքում: Այս առումով Օշինը կարող է համարվել մի յուրօրինակ խորհրդանիշ, որ մարմնավորում է պոլսահայ համայնքում հայկականության` հայոց լեզվի և գրականության հանդեպ հետաքրքրվածության կտրուկ աճը:
«Եթէ ուրիշ ժողովրդների համար բանաստեղծութիւնը գեղեցկութեան նւաճման բարդ եւ խորիմաստ միջոց է, եթէ նա կոչւած է հարստացնելու արդէն շատ երեւոյթներով պերճացած եւ զւարճացած կեանքը, եթէ նա սնունդ է «քիչերի եւ ընտրեալների» համար եւ նրբաճաշակ պրպտումների առարկայ, հայու համար նա անհրաժեշտ հոգեկան հաց է եւ իր էութիւնը պատճառաբանող եւ արդարացնող աստղակերտ ցոլացում» . սա Կոստան Զարյանի գնահատականն է ընդհանրապես հայ գրականությանն ու խոսքին, ինչը առավել դիպուկ է բնորոշում նաև Էլակյոզի ստեղծագործությունը, ինչպես նաև հեղինակի վերաբերմունքն իր գրականության նկատմամբ:
Գիտակցելով, որ հնարավոր չէ մեկ հոդվածի սահմաններում հնարավորինս համակողմանիորեն ներկայացնել Օշին Էլակյոզի լեզվամտածողության առանձնահատկությունների ողջ համակարգը, կանդրադառնանք միայն նրանցից մի քանիսին, որոնք արձակագրի ստեղծագործության մեջ ունեն առանցքային նշանակություն և կարող են բավարար հիմք հանդիսանալ պոլսահայ գրական լեզվի զարգացման ներկայիս միտումները գոնե ուրվագծելու համար:

Առաջին առանձնահատկությունը վերաբերում է պոլսահայ արձակագրի բառապաշարին: Նախ Օշինը չի հետևում արևմտահայ դասական գրականության բառաստեղծման հարուստ ավանդույթին: Թեև նրա նորավեպերում շատ քիչ են օտարաբանությունների կիրառությունները (վակոն, սիկառ, ժանտարմա ևն), և արձակագիրը հետևում է գրական արևմտահայերենի բառապաշարի ավանդույթներին (ընկալուչ, շոգեկառք, շարժանկար, սպասյակ, ձեռաձիր ևն)` ընթերցողին հրամցնելով հիրավի գրական արևմտահայերեն, այդուհանդերձ նրա արձակում ակնհայտորեն բացակայում են հեղինակային նորաբանությունները, ինչը բնորոշ էր անցյալ դարասկզբի արևմտահայ գրականությանը: Այստեղ անկասկած պետք է դիտարկել երկու էական պատճառ: Առաջինը կարելի է պայմանականորեն կոչել ընդհանուր-համայնքային, քանի որ գրական պոլսահայերենի վերաբացահայտման նոր փուլը չէր կարող տեղի ունենալ հախուռն, և ընդհանրապես պոլսահայ համայնքն այժմ նորից լեզվի հղկման ու վերաիմաստավորման նոր փուլում է գտնվում, որը սկսվել է լեզվական եղած-անթեղված հարստությունների վերաբացահայտումից: Երկրորդ պատճառն արդեն զուտ գրողական-գեղագիտական բացատրություն ունի: Խնդիրն այն է, որ Օշին Էլակյոզի համար չափազանց կարևոր է տեքստի` պայմանականորեն ասված «թեթևությունը», քանի որ իմաստային ողջ «ծանրությունը» ընկնում է տեքստային բովանդակության, այլ ոչ թե ձևի վրա: Այս առումով նա գերազանցապես Գրիգոր Զոհրապի գեղագիտության հետևորդն է. Օշինի համար ևս բառը չափազանց կարևոր և ստույգ կիրառություն ունի, սակայն բառը միջոց է, նշան` նշանակյալին հասնելու ճանապարհին:
Գեղագիտական այս ընկալմամբ է պայմանավորված բառապաշարային մյուս առանձնահատկությունը ևս, որն առաջին հայացքից նույնպես հակադրվում է արևմտահայ դասական գրականության ավանդույթին. Էլակյոզը գրեթե չի օգտվում հոմանիշային կուտակումներից: Եթե մի քանի պարզ ու ամենակարևորը` կարճ օրինակները չհաշվենք (ինչպես օրինակ` «Մաքուր ու թարմ օդն անգամ չէր կրցած իր քիթին մէջ գտնուող վառօդի կծու հոտը անհետացնել» ), ապա կարելի է ասել, որ Էլակյոզի արձակում ընդհանրապես բացակայում է հոմանիշային կուտակումը: Արձակագրի գեղագիտական այս պատկերացումների մեջ կարելի է տեսնել նաև գլխավորապես ամերիկյան և այն էլ քսաներորդ դարի ռեալիստական արձակի սկզբունքները, ըստ որի` գրականությունը պետք է հնարավորինս խուսափի գնահատական արտահայտող բառերի կիրառությունից, քանի որ բուն գնահատականը պետք է հնչի ընթերցողի ուղեղում:
Օշին Էլակյոզի լեզվամտածողության մյուս առանձնահատկությունը ևս բխում է նրա գեղագիտությունից, և այն պայմանականորեն կարելի է կոչել կառուցվածքային-ձևաբանական առանձնահատկություն: Խնդիրն այն է, որ Էլակյոզի նորավեպի հիմքում բայն է, գլխավորապես` դիմավոր բայը: Ասենք` «Երբ արթնցաւ, օրը կէս ըլլալու վրայ էր արդէն: Վար իջաւ անկողնէն, տունէն դուրս ելաւ ու մտաւ իր տան դիմաց գտնուող սրճարանէն ներս , անկիւն մը փոքր սեղանի մը շուրջ նստաւ եւ սուրճ մը ապսպրեց» : Կամ` «Առաւօտ կանուխ արթնցաւ, ածիլուեցաւ, հագուեցաւ, նախաճաշը ըրաւ, սուրճը խմեց ու շիտակ Վենետիկի Սանթա Լուչիա կայարանը գնաց, զինք Վերոնա տանելիք շոգեկառքը գտաւ ու իր նստարանին գտնուած վակոնը մտաւ եւ իր տեղը նստաւ» : Կամ` «Մինչդեռ հիմա, մայրը ներսը պառկած էր կիսամերկ վիճակի մէջ, իսկ զաւակը դուրսը կը սպասէր բոյժ քոյրերուն մէկ արտօնութեան, որպէսզի ներս մտնէր ու պահ մը նստէր իր մօրը սնարին քով» ։ Բայագործածության հաճախակիությունը հատկապես ընդգծվում է նկարագրությունների ժամանակ: Այս առանձնահատկությունը մի յուրահատուկ թեթևություն է հաղորդում Օշին Էլակյոզի արձակին: Սակայն սա միայն կառուցվածքային-տեխնիկական հատկանիշ չէ: Այն հենվում է նախանցած դարասկզբից սկիզբ առած ու հետագայում բազմիցս վերաիմաստավորված ռեալիստական այն պատկերացումներին, ըստ որոնց` կյանքը հենց շարժումն է, և իրական գրականությունը, որ պետք է արտացոլի իրական կյանքը, պետք է ցույց տա հենց այդ հարափոփոխ շարժումը, որը երբեք կանգ չի առնում:

Շարժման շարունակականությունը ընդգծելու անհրաժեշտությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ Էլակյոզը հիմնականում չի տրոհում համադաս, իսկ հետադաս կիրառության դեպքում` նաև ստորադաս նախադասությունները` դրանով իր արձակի կետադրությանը ևս հաղորդելով որոշակի ոճական կիրառություն: Օրինակ` «Հիւանդանոցի խտացեալ դարմանումի բաժնին մէջ մօտաւորապէս չորս ամիսէ ի վեր նոյն տեսարանն էր որ կը տեսնէր, եւ այդ տեսարանը զինքը խորապէս ցնցած էր» ։ Եռաբաղադրիչ այս նախադասությունն ունի միայն մեկ տրոհում` և-ից առաջ, որովհետև հեղինակն ուզում է շեշտել ու առանձնացնել երրորդ ստորոգումը: Կամ` «Պահ մը աչք աչքի եկաւ Թամարին հետ բայց իր աչքերը դէպի գետին սահեցնելով գլուխը վար ծռեց ու նստաւ ղեկանիւին ետեւը որպէսզի տանի ու զայն ապահով տեղ մը ձգէ» : Այս նախադասությունը ևս «յուրօրինակ» կետադրություն ունի, որովհետև այն ևս տրոհված չէ, իսկ պատճառն այն է, որ ստորոգումների հերթականությունը համընկնում է տրամաբանական-ժամանակային հաջորդականությանը` եկաւ, վար ծռեց, նստաւ, տանի, ձգէ: Եվ օրինաչափ է, որ երբ բազմաբարդ նախադասությունների ստորոգյալների հերթականությունը չի համապատասխանում ֆաբուլայի ժամանակագրությանը, ապա բաղադրիչ նախադասությունները տրոհվում են: Օրինակ` «Այսպէս, այն սիրելի ու տարիքոտ կինը, որ հիմա հոգեվարքի մէջ կը պառկէր, վերջին անգամ քառասուն տարի առաջ էր որ պառկած էր հիւանդանոցի մը մէջ» ։ Կամ` «Յուղարկաւորութեան օրը կարծես սուգի օր չէր իրեն համար, տօնական զգայնութիւն մը կար իր մէջ, իր մօրը քաշած տառապանքները վերջացած էին այլեւս եւ այդ պաշտելի կինը վերջապէս պիտի հանգչէր հոն ուրկէ եկած ենք բոլորս եւ ուր օր մը պիտի վերադառնանք անպայման» ։ Ինչպես տեսնում ենք կոնկրետ այս` երկրորդ օրինակից, տրոհվել են նախադասության միայն այն ստորոգումները, որոնք խախտում են ֆաբուլային զարգացումը կամ արտահայտում են զուգահեռ արտահայտվող, դրսևորվող գործողություն կամ եղելություն:
Շարահյուսական-կառուցվածքային մյուս առանձնահատկությունն այն է, որ Էլակյոզի արձակի հիմքը բազմաբարդ նախադասությունն է, որը, ինչպես արդեն նշեցինք, բայերի կիրառության շնորհիվ ավելորդ ծանրություն չի հաղորդում տեքստին, բայց նույն միջոցով, այսինքն` բայերի կիրառությամբ, ստեղծում է իրականության ընդհատության պատկեր: Օրինակ` «Խղճին ձայնը» նորավեպում անդրադառնալով հերոսի` նոր գլուխ բարձրացնող ցավին և մնացած մարդկանց հետ հակադրությանը` Էլակյոզը գրում է. «Անոնք կուլային քանի մը օր, քանի մը շաբաթ, բայց ի վերջոյ կը հանգստանային, որովհետեւ պարպած կըլլային իրենց ցաւը ու կը վերադառնային իրենց բնականոն կեանքին, իսկ ինք հակառակը ապրած էր, առաջին օրը չէր լացած եւ հիմա կը սկսէր լալ, կը սկսէր հեկեկալ ամէն անգամ որ կը յիշէր իր մայրը» ։ Հատկանշական է այն, որ եթե դիմավոր բայերի շնորհիվ արձակագիրը թեթևասահություն էր հաղորդում իր ստեղծագործությանը, ապա իրականության ընդհատությունն ընդգծվում է գլխավորապես դերբայների օգնությամբ: «Ճիշտ այդ պահուն, երբ ինք այլեւս կենալու վրայ էր ու վակոնները իր քովէն արագութեամբ կ’անցնէին եւ երբ վերջին վակոնն ալ իր քովէն կ’անցնէր, այն վերջին վակոնին վերջին դուռը յանկարծ բացուեցաւ, երկարահասակ յաղթանդամ մարդ մը մէկ ձեռքով վակոնին դռնէն կախուեցաւ ու միւս ձեռքով Փիէր Լուիճիին հագած հաստ վերարկուին օձիքէն բռնելուն պէս զայն իր ամբողջ ուժով վեր բարձրացնելով վակոնին մէջ առաւ» : Կամ` «Մարդը այս մտածումներով խանգարուած եւ խմած գինիին թուլցնող ազդեցութեան տակ քալած ատեն, չտեսաւ իր առջեւի փոսը եւ մէջը ինկաւ» ։ Իրականության բազմաշերտությունը, բազմահանգամանք լինելն արտահայտելու խնդիրը Էլակյոզը լուծում է նաև երկրորդական
անդամների, օրինակ` պարագաների շարադասության, ինչպես նաև` պարզապես լրացուցիչ տրոհության միջոցով: Օրինակ` «Հիւանդները, այդ ցուրտ եւ ընդարձակ սենեակին մէջ, քով քովի պառկած, անկողիններուն մէջ բոլորովին մերկ ու անշարժ, սպանդանոցի մէջ ձեխունէն կախուած միսերու կը նմանէին։ Այս տխուր պատկերը շատ աւելի յուզումնալից կը դառնայ երբ այդ անկողիններէն մէկուն մէջ պառկողը մարդուս մէկ հարազատն է» ։
Եվ գեղագիտական-փիլիսոփայական յուրահատուկ հայացքներով է պայմանավորված նաև Օշին Էլակյոզի արձակի` այս հոդվածում արծարծվող վերջին առանձնահատկությունը: Ըստ արձակագրի գեղագիտության` բառը չի կարող ավելի տարողունակ և անսպասելի լինել, քան իրականությունն է: Հետևաբար` պետք չէ տեքստը հագեցնել ինչ-որ հատուկ միջոցներով, քանի որ միակ հատուկ միջոցը իրականության օտարումն է գրականության մեջ: Այստեղից էլ բխում է այն, որ Էլակյոզը սկզբունքորեն չի օգտագործում գեղարվեստական արտահայտչամիջոցներից և ոչ մեկը: Օրինակ` լինելով միակ հայ գրողը, ով թեկուզև ոչ մեծածավալ ստեղծագործությամբ` «Ուղևորության փոխարժեքը» նորավեպով, բայց անդրադարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում տեղի ունեցած հայկական նոր տեղահանություններին, Էլակյոզը պարզապես նկարագրում է արտաքսվող իր հերոսի` Հրանդ Տէօքմէճեանի մտորումներն ու զգացողությունները` առանց այլևայլությունների և ավելորդ ընդգծումների, որովհետև ողբերգականը իրականությունն է, և չի կարող առանձին բառ, գեղարվեստական միջոց արտահայտել այդ ողբերգության ծանրությունը:
Ամփոփելով ասվածը` կարելի է նշել, որ Օշին Էլակյոզի լեզվամտածողությունը մի կողմից հիմնվում է գրական արևմտահայերենի լավագույն, սակայն երկար ժամանակ արդեն գրեթե բարձիթողի վիճակում գտնվող ավանդույթների, իսկ մյուս կողմից` քսաներորդ դարի արևմտյան ռեալիստական նորավեպի լավագույն ավանդույթների վրա` դառնալով հետզհետե խոր քնից արթնացող պոլսահայ ժամանակակից գրականության յուրօրինակ խորհրդանիշ:

No comments: